Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մազպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը Panorama.am-ի թղթակցի հետ

04.10.2012

Հոկտեմբերի 2-ին լրացավ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Այդ կապակցությամբ Panorama.am-ը զրուցեց մարզպետի հետ: Նա ամփոփեց հարյուրօրյա իր աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև ներկայացրեց մարզում առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

- Պարոն Ղազարյան, դուք` որպես Վայոց ձորի մարզպետ, մարզի համար ի՞նչ առաջնային խնդիրներ եք առանձնացրել:
-Մարզն ունի իր հիմնական զարգացման ուղղությունները, դրանց մեջ առանձնացնում ենք գյուղատնտեսությունը, քանի որ բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հետևաբար, գյուղատնտեսության զարգացումը մեզ համար ունի առանցքային նշանակություն: Երկրորդ ուղղությունը զբոսաշրջությունն է, որի համար ունենք երկու հիմնական առանձնացված տարածքներ: Մեկը` Ջերմուկ քաղաքն է, որը կառավարության կողմից հռչակվել է որպես տուրիզմի կենտրոն, մյուսը` Արփայի հովիտ, Եղեգիսի կիրճ հատվածն է, որտեղ զբոսաշրջության զարգացման հիմնական թիրախ է ընտրվել գինեգործությունը: Վայոց ձորը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ամենաբարենպաստ տարածաշրջաններից մեկն է և տուրիզմի զարգացման համար ունի բոլոր նախադրյալները. հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, բնական տեսարժան վայրերով, բուսական ու կենդանական բացառիկ աշխարհով, էկոլոգիապես մաքուր սննդամթերքով, բազմաթիվ հանքային աղբյուրներով և այլն: Այսինքն` մենք զբոսաշրջության զարցագման համար բավականին մեծ պոտենցիալ ունենք, պարզապես պետք է դա հնարավորինս լիարժեք օգտագործել: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ Վայոց ձորը չի առանձնանում ընդգծված խնդիրներով, պրոբլեմներով: Այն զարգացման հիմնական ուղղություններ ունեցող մարզերից մեկն է համարվում:

-Այդուհանդերձ, որո՞նք են մարզի առաջնահերթ խնդիրները, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում:
- Ինձ համար կարևորագույն խնդիրը տնտեսության առանձին ճյուղերի` գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության զարգացումն է, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը: Իմ նպատակն է տնտեսություն վարողների համար ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն ունենա իր գաղափարները, իր ծրագրերը կյանքի կոչել: Այսինքն` մենք խնդիր ունենք ուղղակի աջակցելու թե համայքներին, թե տնտեսություն վարողներին, և լիարժեք պայմաններ ստեղծենք իրենց գործունության կազմակերպման համար:

- Ի՞նչ ծրագրեր են նախատեսված մարզում նոր ներդրումների ներգրավման համար:
- Հիմնական ներդրումային ուղղություններից մեկը մեզ համար Ջերմուկ քաղաքն է, որն ունի քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիր և գլխավոր հատակագիծ, որով նախատեսվում է Ջերմուկ քաղաքում հսկայական կառուցապատում իրականացնել, մասնավորապես` ստեղծել նոր թաղամասեր, հյուրանոցներ, հանգստի գոտիներ: Մյուս ուղղությունը գյուղատնտեսությունն է: Մենք արդեն բանակցում ենք Սաուդյան Արաբիայի մեր գործընկերների հետ, ովքեր ցանկանում են Վայոց ձորի մարզում զարգացնել ոչխարաբուծությունը: 2013թ-ին նրանք մտադիր են մեր մարզում կրկնապատկել ոչխարների գլխաքանակը: Նրանց գործունեությունը կսկսվի Գողթանիկ համայնքից, սակայն մտադիր են իրենց գործունեությունը շարունակել նաև մարզի այլ համայնքներում:
Ներդրումների ներգրավման համար հաջորդ կարևոր ուղղությունը այգեգործությունն է, քանի որ ինչպես խաղողի, այնպես էլ պտղատու այգիների հիմնադրման համար կան լավ պայմաններ մարզում: Այդ նպատակով համագործակցում ենք Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) կազմակերպության հետ, որն աջակցում է գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք չօգտագործվող հողատարածություններում հիմնեն նոր այգիներ:
Իմ տպավորությամբ այսօր գյուղատնտեսությունը լիարժեք չի օգտագործում իր հնարավորությունները: Օրինակ` մարզում օգտագործվում է արոտավայրերի ընդամենը 18%-ը, մինչդեռ մնացած տարածքներում ևս պայմանները բավարար են: Եթե մենք փորձենք տարածաշրջանի տվյալ բնակավայրերը ամրապնդել, ապա շատ ավելի լավ արդյունքի կհասնեք: Կարծում եմ, որ պետությունը իր հիմնական միջոցները, ծրագրերը պետք է ուղղի այդ համայնքների ամրապնդմանը:

- Առաջնահերթ խնդիրներից առանձնացրեցիք Ջերմուկի զարգացման ծրագիրը, սակայն չե՞ք կարծում, որ Ամուլսարում ոսկու հանքավայրի բաց շահագործման դեպքում Ջերմուկում էկոլոգիական լուրջ խնդիրներ կառաջանան։
- Անկեղծ ասած որոշակի ռիսկեր տեսնում եմ բաց եղանակով ոսկու շահագործման և Ջերմուկ քաղաքի զարգացման պլանների միջև: Հիմա ուշադրությամբ հետևում ենք բնապահպանական փորձագիտական եզրակցություններին: Առայժմ ընկերության (հանքավայրի բաց եղանակով շահագործման արտոնագիրը «Lydian International» ընկերությանն է, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է-հեղ.), ինչպես նաև անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից կան եզրակացություններ, որոնք վկայում են, որ հանքի շահագործումը բացասաբար չի ազդի Ջերմուկի ընդհանուր միջավայրի վրա, սակայն ես դեռևս ունեմ որոշակի անհանգստություն: Ամեն ինչ կախված է հանքը շահագործող ընկերության սոցիալական պատասխանատվության աստիճանից, հանքի շահագործման` իրենց կողմից ներկայացված նորմերը պահպանելու պատրաստակամությունից: Համենայնդեպս, մենք շատ մեծ ուշադրությամբ ենք հետևելու հանքի շահագործման ողջ գործընթացին և որ պահին նկատենք, որ հանքի շահագործումը կարող է վնասել Ջերմուկի զարգացմանը, ապա դրա մասին կբարձրաձայնենք, քանի որ Ջերմուկի զարգացումը մեր մարզի համար ունի ռազմավարական նշանակություն:

- Իսկ մարզում արտագաղթն ի՞նչ վիճակում է և վիճակագրություն կա՞, թե մարզից քանի մարդ է արտագաղթի ճանապարհը բռնել:
- Վայոց ձորի մարզում, ճիշտն ասած, ընդգծված արտագաղթ չկա: Այն ցայտուն դրսևորված չէ և մեծ մասշտաբների չի հասնում:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Վայոց ձորի մարզը մի քանի տարի անց:
-Ոչ միայն մարզպետ, այլ որպես վայոցձորցի ցանկանում եմ` իմ հայրենիքը հզոր, զարգացած տեսնել, և մեր ամբողջ գործունեությունն ուղղված է դրան: Երբ Ջերմուկի զարգացման պլանն էր մշակվում, Շվեյցարիայից ժամանակ փորձագետն ասում էր, որ Ջերմուկի բնական միջավայրը, պայմանները գրեթե չեն տարբերվում շվեյցարական հայտնի առողջարաններից: Կցանկանայի, որ Վայոց ձորի մարզը իր բոլոր պայմաններով ու հնարավորություններով փոքրիկ Շվեյցարիա լիներ:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Հակոբյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34