Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվության ազատություն, դիմեք մեզ

Հաճախակի տրվող հարցեր

Հարց- Որո՞նք են պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին(հատուկ) խմբերը

Պատասխան-  

                                                       Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ
ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
(բացառությամբ այն բժշկական օգնության ու սպասարկման տեսակների և բժշկական
ծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի հետ)
Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38,00 և ավելի բարձր
անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
1-ին խմբի հաշմանդամներ
2-րդ խմբի հաշմանդամներ
3-րդ խմբի հաշմանդամներ
Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական
խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)
Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող)
ընտանիքների երեխաներ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական
պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների
անդամներ
Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
Բռնադատվածներ
Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ
բժշկական հետազոտության ենթարկվողներ
Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7
տարեկան երեխաներ
Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատորպոլիկլինիկական բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև
հիվանդանոցային փորձաքննություն)
Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ
Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ
Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ
Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

 

Հարց- Ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել անապահով ընտանիքները, եթե անապահովության միավորը չի բավարարում նպաստառության համար

Պատասխան- Սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից ցուցաբերվող աջակցությունն իրականացվում է անապահովության գնահատման համակարգի միջոցով: Ըստ օրենքի ընտանեկան նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից: Ներկա պահին այն կազմում է 30.00 իսկ դրանից պակաս անապահովության միավորի դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին կից գործող սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ նշանակվում է եռամսյակային հրատապ օգնություն: 

 Ո՞ր դեպքերում է դադարեցվում համայնքի ղեկավարի լիազորությունները եւ ի՞նչ ընթացակարգով:

"Տեղական ինքնակառավարման" մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները պետական լիազորված մարմնի ներկայացմամբ վաղաժամկետ դադարեցնում է ՀՀ կառավարությունը, եթե`
- նա հրաժարական է տվել,
- դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
- նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
- նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում,
- նա մահացել է:
Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
Կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է նաեւ, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:
Բացի այդ, «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 17-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, համապատասխանաբար՝ համայնքի ավագանու և մարզպետի նախաձեռնությամբ, ՀՀ կառավարությունը կարող է Հայաստանի Հանրապետության Սսահմանադրական դատարանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի մասին եզրակացության առկայության դեպքում, պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Կարո՞ղ են համայնքի բնակիչները մասնակցել ավագանու նիստերին:

"Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

Բացի այդ, 2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքի՝ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում:

Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։»

Ավագանին կարո՞ղ է չեղյալ համարել համայնքի ղեկավարի որոշումները եւ ո՞ր դեպքերում:

Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ. եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:
Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից` համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռևս չի կատարվել և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:

Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված: Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

Ի՞նչ է համայնքային ծառայությունը եւ ինչպե՞ս է հնարավոր դառնալ համայնքային ծառայող:

Համայնքային ծառայությունը հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է, որն իրականացվում է ՀՀ քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում: Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է և ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, եթե նրանք, իհարկե, բավարարում են համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները "Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված, "Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքի 11-րդ հոդված):

Ո՞ր դեպքերում է հողերի կատեգորիաների փոփոխման անհրաժեշտություն առաջանում եւ ի՞նչ ընթացակարգ է անհրաժեշտ դրա համար:

Հողերի կատեգորիաների փոփոխումը իրականացվում է հողերի օգտագործման և շահագործման պայմանները իրենց նպատակային նշանակությանը համապատասխանեցնելու նպատակով:
ա) Մինչև համայնքի գլխավոր հատակագծի հաստատումը համայնքի վարչական տարածքում հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ, հողերի նպատակային նշանակության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատում է համայնքի ավագանին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

Նպատակային նշանակությունների փոփոխումը այն համայնքներում, որտեղ չկա հաստատված գլխավոր հատակագիծ, սահմանվել է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ:
բ) Գլխավոր հատակագիծը սահմանված կարգով հաստատվելուց հետո համայնքի վարչական տարածքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու միջոցով` ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման կարգով նախատեսված պահանջներին համապատասխան:

գ) Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման արդյունքում նպատակային նշանակության փոփոխման գործընթացը իրականացվում է 2010թ. հունիսի 1-ի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի N186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի պահանջներին համապատասխան:

Ի՞նչ է ենթադրում համայնքների խոշորացման գործընթացը:

Հանրության շահերից ելնելով` համայնքները կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը` կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:

Ներկայումս շրջանառվում է համայնքների խոշորացման երկու սցենար՝ «փնջային» (համայնքները միավորվում են ելնելով ծրագրի (հիմնականում՝ տնտեսական ներուժ պարունակող) և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ) և "շրջանային" (խոշորացված համայնքի կազմում ներառվում են նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը):


Խոշորացման գործընթացը ենթադրում է հետևյալ փուլերը.
- համայնքների խոշորացման երկու սցենարի (փնջային և շրջանային) խոշորացման համապատասխան հիմնավորումների նախապատրաստում, շահառու համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների վերհանում,
- համայնքների խոշորացման երկու սցենարի շուրջ բազմաոլորտ մասնագիտական քննարկումների և անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթի մշակման համար փորձագիտական խմբի ստեղծում,
- համայնքների խոշորացման երկու սցենարի վերաբերյալ մշակված առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը,
- ընտրված խոշորացման տարբերակի քննարկում համայնքների բնակիչների, մարզային համայնքային պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և հանրային լսումների կազմակերպում,
- ընտրված խոշորացման տարբերակի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի, մասնավորապես` ՀՀ վարչատարածքային բաժանման մասին, ՀՀ տեղական ինքնակառավարման մասին, Ընտրական օրենսգրքում և այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում և ընդունում,
- ընտրված խոշորացման տարբերակի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթի ներկայացում ԵԽ-ի փորձագիտական եզրակացության,
- խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեների կազմակերպում և անցկացում,
- օրենսդրական փաթեթի ընդունում ՀՀ ԱԺ-ի կողմից,
- նոր կազմավորվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում և անցկացում,
- վարչատարածքային նոր բաժանման կիրարկում, ներդրումային ծրագրերի իրականացում:

Ինչպիսի՞ն են պետական եւ համայնքային սեփականության հողերի օտարման ընթացակարգերը:

Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու և ուղղակի վաճառքի դեպքերի, կատարվում է աճուրդով:

Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու որոշման հիման վրա: Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքով և "Հրապարակային սակարկությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ովքե՞ր ունեն անհատույց կարգով հողատարածք ստանալու իրավունք:

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի.
"1. Պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար և որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար`

1) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը) այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր,

2) Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակավայրերում,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին,

4) հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս,

5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն բռնադատվածներին, ովքեր չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար չծանրաբեռնված հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:

Հողամասերը անհատույց տրամադրվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում` համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից:"

Համայնքներում հողի վարձակալության կամ ձեռքբերման համար ո՞ւմ է հարկավոր դիմել

Համայնքներում պետության և համայնքի հողերից հողամասերի վարձակալության կամ ձեռքբերման համար հարկավոր է դիմել համայնքի ղեկավարին: Իսկ վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով:

Աճուրդային կարգով հողամասերի օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հետեւյալ հասցեով` http://www.azdarar.am:

Ինչպե՞ս են ձեւավորվում համայնքային բյուջեները եւ վերահսկողության ինչպիսի՞ մեխանիզմներ են սահմանված:

-Համայնքի բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրներն են` պաշտոնական տրանսֆերտները, սեփական եկամուտները և պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված միջոցները:
Սեփական եկամուտներ`
-Ընթացիկ եկամուտներ,
-Հարկային եկամուտներ `

հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
եկամտային հարկից մասհանումներ,
շահութահարկից մասհանումներ,
բնապահպանական վճարներից մասհանումներ,
հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:
Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
-Տուրքեր`
ա) տեղական տուրքեր
բ) պետական տուրքեր

-Պաշտոնական դրամաշնորհներ՝
ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ,
բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ,
գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաներ,
դ)այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ:
-Այլ եկամուտներ, այդ թվում`
ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ,
բ) համայնքի սեփականություն համարվող հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ,
գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ,
դ) համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ,
ե) տեղական վճարներ,
զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ,
է) համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ,
ը) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից` ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ,
թ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ:
Պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավված միջոցներ`
-Փոխառու միջոցներ
-Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից մուտքեր:
Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ` կատարված ծախսերի վերաբերյալ:
Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքների ավագանիները կարող են սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է համայնքային բյուջեից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26