Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հերմոն

Բնակչություն` 203

Հերմոն/ Ղավուշուղ/ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 16կմ հյուսիս- արևելք: Հերմոնով է անցնում Եղեգնաձոր-Վարդահովիտ, Եղեգնաձոր –Գողթանիկ ճանապարհները: Գյուղն ունի գեղեցիկ բնություն, երկայնքով հոսում է Արատես գետը: Գյուղն ունի իննամյա հիմնական դպրոց, մշակույթի տուն, գյուղապետարան: Մինչև 1988 թվականը Հերմոնում` Ղավուշուղ գյուղում ապրել են ադրբեջանցիներ, իսկ հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնագաղթված հայերով:
Հերմոն գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Արատեսի վանքը: Այն գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում: Վանքի համակառույցը բաղկացած է իրար կից չորս մեծ, հինգ փոքր շենքերից: Հնագույն արձանագրություններում եկեղեցիներն անվանվել են ս.Սիոն, ս.Կարապետ և ս.Աստվածածին: Ենթադրվում է, որ այն հիմնադրվել է 7-րդ դարում, թեև ամենահին գրավոր տեղեկությունը 9-րդ դարի է: Գմբեթավոր եկեղեցին` ս.Աստվածածինը, կառուցվել է 0-րդ դարում, իսկ ս.Կարապետը` 11-12-րդ դարերում: Ուշագրավ է վերջինիս գավիթը, որի ճարտարապետը եղել է Սիրանեսը /13-րդ դար /: 13-րդ դարում Վայոց Ձորի իշխան Տարսայիճ Օրբելյանն Արատեսի վանքին է նվիրել մի քանի գյուղեր, որից հետո վանքը դարձել է Նորավանքի ամառանոցը: Իսկ 10-14-րդ դարերում այն եղել է գրչության խոշոր կենտրոն :
Հերմոն գյուղից հարավ-արևմուտք, լեռան վրա բազմած է շքեղաշուք Հերմոնի վանքը /Կնեվանք/: Այն եղել է Սյունյաց աշխարհի կրոնական, մշակույթային նշանավոր կենտրոն: Հերմոնի վանքը 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Հակոբ եպիսկոպոսը: 1338 թ. այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր վարպետը և հիմնադրել նոր դպրոցի` Հերմոնի վանքի դպրոցը, որը գործել է մինչև 15-րդ դարի վերջը: Հերմոնի վանքում շուրջ հարյուր տարի գործել է գրչության դպրոցը, որտեղից մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, մեկնություններ:
Հերմոն համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Կալասար /Կալասեր/ գյուղը: Այն գտնվում է Արդենիսի լեռնաշղթայի հարավային լանջին, Արփայի աջակողմյան վտակ` Եղեգիս գետի հովտում, Հերմոն գյուղից 1կմ հյուսիս-արևմուտք և մարզկենտրոնից մոտ 17կմ հյուսիս–արևելք: Կալասարը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Շարուր–Դրալագյազի գավառի մեջ:
ԽՍՀՄ-ի տարիներին ադրբեջանաբնակ Կալասարը միավորված էր Ղավուշուղ , այժմ` Հերմոն, գյուղի հետ մեկ տնտեսության մեջ: Ներկայումս Կալասարը բնակեցված չէ, սակայն հիմա էլ նշմարվում են եկեղեցու ավերակներ և հայկական բազմաթիվ գերեզմանաքարեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31