Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Խաչիկ

Մակերես` 73,03 կմ2

Բնակչություն` 1022

Խաչիկի համայքի վարչական տարածքը ընդգրկում է Խաչիկ գյուղը։ Գտնվում է
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, Եղեգնաձոր քաղաքից 37կմ
հեռավորությամբ դեպի հարավ։ Մայրուղուց և մոտակա բնակավայրից` Արենիից
հեռու է 21 կմ։ Երևան քաղաքից հեռավորությունը կազմում է 120 կմ։
Խաչիկ գյուղը գտնվում է Հայոց Լեռների դեպի արևմուտք նայող լանջի վրա։
Գյուղից դեպի Շարուրի դաշտը և Արարատ լեռը բացվում է հազվագյուտ գեղեցկությամբ` լայնատարած և չքնաղ տեսարան։
Բնակավայրի կենտրոնը գտնվում է ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա։
Սահմանակից է` հարավից Նախիջևանին` 27կմ ընդհանուր պետական սահմանով հյուսիսից` Արենի համամնքին 5.94կմ սահմանով, արևելքից` Գնիշիկ համայնքին` 8.61կմ;
Վարչական տարածքի ամենաբարձր լեռնագագաթը <Հարսնասարն> է` Ծ.Մ. 2773.4 մ բարձրությամբ, ամենացածր կետը` <Ջրաղացներ> Ծ.Մ. 1600 մ բարձրությամբ։ 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսաստանին, տարբեր տեղի հայեր գալիս և բնակվում են Խաչիկում։
Կլիման չոր, կիսանապատային է։ Ձմեռը ձյունառատ է և մեղմ, ամառը` զով։ Տարվա միջին տեղումները` 300-400մմ։ Քամին` հարավային և հարավ-արևմտյան։ Բավական մեծ կշիռ է կազմում պարզ և արևոտ օրերի քանակը։ Հազվադեպ են մառախլապատ օրերը։
Գյուղում առաջին մարդահամարն անց է կացվել 1831 թվականին, որի արդյունքներով գյուղում հաշվված էր 22 ընտանիք, 101 մարդ, որից` 52 կին,
49 տղամարդ։ Ընտանիքների թվակազմից 18 -ը բնիկներ են, 4 ընտանիք ներգաղթել է Պարսկաստանից ։
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմում է 1022 մարդ, տնտեսությունների թիվը` 255։
Տարբեր կազմակերպություններում աշխատում են 119 մարդ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց, մշակույթի տուն։
Գյուղատնտեսական շրջանառության մեջ գտնվում են շուրջ 600 հա վարելահողեր։
Արոտավայրերը կազմում են 1389 հա, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը` 4324 հա, բնակավայրի հողերը`91,5 հա, որից 66 հա բնակելի կառուցապատման հողեր են, անտառային հողերը` 156,9 հա։
Հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Մշակվում է ցորեն, գարի, հաճար և խաղողի այգիներ` 32 հա։
Գյուղի տարածքում հայտնաբերված են կվարցիտային և շինարարական հանքաքարեր, ինչպես նաև բիտումային թերթաքարեր։
Գյուղն ապահովված է խմելու ջրով, գործում են խմելու ջրի երեք հիմնական ջրագծերը և ներքին ցանցը։ Օգտագործվում են նաև բնակավայրի ներսում բխող երեք աղբյուրները։
Որպես հեռանկար` պատկերվում են զարգացած պտղաբուծությունը, անասնապահությունը, տուրիզմը, հովեկությունը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խաչիկ գյուղից 4կմ դեպի հյուսիս գտնվում է նշանավոր <Քարկոփ> կամ <Խոտակերաց> վանական համալիրը։ <Քարակոփ> Վանքի հարավային պատի ծավալուն արձանագրությունը վկայում է , որ Վանքը կառուցվել է Սյունյաց Աշոտ իշխանի կողմից, սակայն 9-րդ դարի վերջում տեղի ունեցած ահեղ երկրաշարժի հետևանքով այն քանդվել է, իսկ Աշոտի մահից հետո , նրա կինը` Շուշանիկ իշխանուհին, վերականգնել է այն ավելի փառահեղ տեսքով, ի հիշատակ իր ամուսնու։
Վանքի օծման արարողությունը կատարվել է 910 թվականին, որին ներկա են եղել Հայոց Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին և Սյունյաց Հովհաննես Եպիսկոպոսը։
1254-1272 թվականներին Քարկոփի վանքը նորոգվում է Սմբատ Օրբելյան իշխանի կողմից, որի մահից հետո, նրա եղբայր Տարսայիճ իշխանը այն ժառանգություն է տալիս իր որդուն` պատմագիր Ստեփաննոս Օրբելյան Եպիսկոպոսին։ Վերջինս էլ 1297 թվականին Քարկոփը նվիրում է Նորավանքին։
Վանքից 300մ դեպի հարավ-արևելք գեղատեսիլ գոգավորության մեջ, սառնորակ աղբյուրների հարևանությամբ, 1271 թվականին կանգնեցվել է երկաստիճան պատվանդանով Խաչքար, ի պատիվ Ստեփաննոս Օրբելյանի` Խաչիկ գյուղ նրա կատարած այցելության առիթով։
Վանքի շրջակայքում նշմարվում են 10-15րդ դարերի հին բնակատեղիի հետքեր, իսկ մոտակա բլրի վրա, դեպի հյուսիս , կա դամբարանադաշտ։
Գյուղից 500մ հարավ-արևելք գտնվում է Հին գյուղատեղին Խաչիկ գյուղի կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 1681 թվականին, վերակառուցվել` 1888 թվականին։
Խաչիկ գյուղում դպրոց հիմնադրվել է 1870 թվականին, Երևանի բնակիչ և Խաչիկում մեծ հողատեր Ստեփանոս Եղիազարյանի հորդորով; Նույն թվականին կառուցվել է դպրոցի շենքը, որը կարող էր տեղավորել 60 աշակերտ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 16:23:48