Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղնջաձոր

Մակերես` 32,25կմ2

Բնակչություն` 468

Համայնքի վարչական տարածքը համապատասխանում է Աղնջաձոր գյուղին։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 17-18 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից ունի 140 կմ հեռավորություն։
Գյուղը հիշատակվում է նաև 13-14 -րդ դարերում։ Նախկինում գյուղն ունեցել է Ենգիչա, Դրունք, , Աղքյանդ, Լեռնանցք անվանումները, պայմանավորված՝ իր տեղադիրքով: Գտնվում է Սուլեմայի լեռնանցքից հարավ։ Գյուղը 1968 թ-ին վերանվանվել է Աղնջաձոր։ 

Գյուղն ընկած է Վարդենիսի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին, ծովի մակարդակից ունի 1665 մ բարձրություն։ Կլիման չափավոր տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները տափաստաններն են։ Անտառային ֆոնդը կազմում է 276 հա։
Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքին, առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ուներ ճանապարհաշինությունը, քանի որ երկրի տերերը մեծ շահ ունեին անց ու դարձ անող քարավաններից, բացի մաքսավարձից, նրանք օգտվում էին նաև առևտրից։ Այս տարածքով է անցել Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Ճանապարհի ապահովության, ուղևորների համար բարեկարգ օթևաններ, անասունների համար կեր, գոմեր և այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվել են կալվածատեր իշխանները։ 1332 թ-ին Լիպարիտ Օրբելյանի որդին` Չեսար իշխանը կառուցել է Սուլեմայի (Սելիմի) քարավանատունը, որը գտնվում է համանուն լեռնանցքի ամենաբարձր հատվածի վրա։ Այն բաղկացած է սրբատաշ քարերով կառուցված երեք թաղակապ սենյակներից։
Ժողովրդի մեջ էլ տարածված է մեկ այլ ավանդույթ, թե իբր Սմբատ Օրբելյանի որդին ձնաբքերի ժամանակ կորել է այդ լեռներում և նա, ի հիշատակ որդու, կառուցել է տվել քարավանատունը այլ ճամփորդների համար, որպեսզի ձնաբքերի ժամանակ նրանք հանգրվանեն այստեղ այնքան ժամանակ, մինչև եղանակը լավանա և շարունակեն ճանապարհը։
Գյուղի մոտ է կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուլեմայի բերդը: Աղնջաձորի քարավանատունը` կառուցված 13-14-րդ դարերում։
Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին Խոյ, Սալմաստ գավառներից։ 1831թ-ին ունեցել է 42, 1897 թ-ին` 670, 1979 թ-ին` 478, 2001 թ-ին` 431 բնակիչ։ Գյուղն ունի առկա 137 տնտեսություն։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Շուրջ 163 հոգի զբաղվում են սեփական հողերի մշակությամբ։
Գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ճյուղը անասնապահությունն է, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներից 167 հա խոտհարքերն են։ Արոտավայրերը կազմում են 894 հա։ Մարդիկ զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ։ Մշակում են հացահատիկ, կերային բույսեր։
Մինչև Սուլեմայի լեռնանցքի տակով անցնող Մարտունի-Եղեգնաձոր միջպետական նշանակության ճանապարհի վերանորոգումը, գյուղը կտրված դիրք ուներ, իսկ այժմ գյուղի բնակչությունը մեծ ակնկալիքներ ունի գյուղի տարանցիկ դիրքից։ Առավել ևս, որ արդեն Իրան-Վրաստան բեռնափոխադրումների մի մասն անցնում է այս ճանապարհով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31