Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղավնաձոր

Մակերես` 10,71կմ2

Բնակչություն` 2062

Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղը գտնվում է Արփա գետի միջին հոսանքից հյուսիս
տարածված Աղավնաձորի սարահարթ կոչվող տարածքի հյուսիս -արևելքում`
Աղավնաձոր գետից արևելք ։
Գյուղն ունի 545 առկա տնտեսություն` 2062 բնակչությամբ։
Համայնքի վարչական տարածքը 4682 հա է `466 հա վարելահողեր են, 1071 հա արոտավայր,
379.4 հա այգիներ։
Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն։
Գյուղն ունի հաճելի համայնապատկեր։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600 մ է, իսկ կենտոնական մասում ունի 1530մ բարձրություն ։
Աղավնաձորի սարավանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ
փոքրիկ գետակներով ու ձորակներով։ Կլիման արտահայտված է մերձարևադարձային չոր կլիմային բնորոշ բնութագրով, այն է` չոր և շոգ ամառներով և խոնավ, չափավոր ցուրտ
ձմեռներով։  Տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ։ Առավելագույն տեղումներ
դիտվում է գարնանը` մայիս ամսին, որը խթանում է լեռնալանջերի ձյան հալոցքը և առաջացնում է սելավներ։ Աշունն երկարատև է և տաք, որի պայմաններում հասունանում են
մրգերը, հատկապես <<Արենի>> տեսակի խաղողը։
Այսպիսի բազմաբնույթ կլիմայի պայմաններում ձևավորվել է յուրօրինակ բուսական և կեն-
դանական աշխարհ. հատկապես աչքի է ընկնում դեղաբույսերով` ուղտափուշ, ուրց, գազ, մասուր, հազարատերևուկ, ղանթափար, երիցուկ և այլն։ Կենդանական աշխարհը հարուստ է
թռչուններով` կաքավ, լոր, արծիվ, սողուններով` թունավոր օձեր` գյուրզա, իժ, ինչպես նաև գի-
շատիչներով` աղվես, գայլ, շնագայլ,արջ։
Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ։
Արևային օրերեը` արևափայլը, մինչև 340-350 օր է կազմում, որով էլ պայմանավորված է արտադրված գյուղատնտեսական ապրանքների` պտղատեսակների և բանջարեղենի, բարձր որակը ։
Խորհրդային տարիներին գյուղում եղել է կաթնապրանքային ֆերմա, նաև ոչխարաբուծական ֆերմաներ, ներկայումս էլ խնամվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Գյուղում այժմ գոյություն ունեն մի քանի ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և խաղողագործությամբ, ինչպես նաև` մեղվաբուծությամբ։
Արտադրվում է գինի, օղի, չիր, պանիր, բուրդ, միս, մեղր և այլն։
Գյուղում գործում է խաղողի վերամշակման երկու ձեռնարկություն, արտադրում և արտահանում է <<Լուսարև>>, <<Գեդեոն>>, <<Հարսնասար>> տեսակի որակյալ գինիներ։
Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։
Երկրորդ բնակեցումը եղել է 1828թ-ին։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին Պարսկաստանից, հիմնականում  Խոյ, Սալմաստ, , Վանից
Մակուից , Սասունից, Նախիջևանից։
Աղավնաձոր գյուղի շրջակայքում եղել են բնակավայրեր, դրանք են` Ապանան, որը գտնվում է գյուղից մոտ 4կմ հյուսիս արևելք, Բաղչաջղը` գյուղից մոտ 3կմ հյուսիս արևմուտք,
Ղզլաղլը, Միրաշը։ Այդ տարածքներում գտնվել են կահ-կարասիներ, խաչքարեր փոքրիկ
քանակով, գտնվել են նաև կարասային թաղումների շրջանի մնացորդներ (մ.թ.ա. II)։ Գյուղից
մոտ 4կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղը , որտեղ մինչև այժմ կանգուն են մնացել Աստվածածին եկեղեցու պատերը (վերանորոգվել է 2004թ.), որի շրջապատում կա գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս Երեցին։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է 10-14-րդ, իսկ մեծը` 15-18-րդ դարերին։
Ուլգյուր գյուղում է ծնվել միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը, որի ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, շատ այլ վանքեր
ու մատուռներ, այդ թվում` Ուլգյուր լեռան ստորոտում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին։
Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու` Ասկանդրի խաչքարը։ Իսկ Աստվածածին եկեղեցու բակում գտնվել է Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները։
Գյուղի կենտրոնում գտնվում է սուրբ Մարիամ եկեղեցին, իսկ շրջակայքում բազմաթիվ խաչքարեր և մատուռներ։
Գյուղն ունի զարգանալու մեծ հնարավորություններ, ինչի համար կարևոր նշանակություն կունենա պատմամշակութային և էկո տուրիզմի զարգացումը։
Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց` երկու մասնաշենքով, մանկապարտեզ, արվեստի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31