Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Առաջին լրատվականի www.1in.am-ի թղթակից Մարինե Խառատյան-ի հետ հարցարզրույցի ամբողջական տարբերակը

25.04.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Առաջին լրատվականի www.1in.am թղթակից Մարինե Խառատյան-ի հետ հարցարզրույցի ամբողջական տարբերակը

Նշենք, որ հարցազրույցը լրագրողի կողմից  խմբագրված տարբերակով տպագրվել է <<Ժամանակ>> օրաթերթի 25.04.2014թ. համարում:

Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է Ձեզ հետ աշխատել եւ դա պայմանավորված է իր խնամու կուսակցության հետ Ձեր հարաբերություններով: Արդյոք որեւէ հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք Հովիկ Աբրահամյանի կամ Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայով: 

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ ՀՀ մարզպետների պաշտոնի նշանակելն ու ազատելը վեր է օրենսդրությամբ ՀՀ մարզպետների վերապահված իրավասությունների շրջանակից, հետևաբար ես իմ պաշտոնավարման հետ կապված որևէ հարցի պատասխանելու իրավասություն չունեմ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցող պաշտոնական և աշխատանքային հանդիպումներին, ապա դրանց մասին հանրային պատշաճ իրազեկումն իրականացվում է համապատասխան աշխատակազմերի լիազորված պաշտոնատարների միջոցով: Եթե ինձ հնարավորություն է տրվում մասնակից լինել ինձանից բարձր դիրք ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մոտ տեղի ունեցող միջոցառումներին և հանդիպումներին, ապա դա դեռ ինձ իրավունք չի վերապահում հանրությանը հայտնել տեղեկություններ դրանց մասին: Ի դեպ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ նշանակման լուրը, անկախ լրատվամիջոցներով մինչ այդ շրջանառվող այլ վարկածների, հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից անմիջապես հետ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

 

 Հնարավո՞ր է՝ Դուք էլ դեռ տեղյակ չեք Ձեր պաշտոնավարման հեռանկարի մասին

 

Կարծում եմ, որ Դուք կարող այդ հարցի պատասխանը փնտրել Ձեր առաջին հարցին տրված իմ արձագանքն ուշադրությամբ վերընթերցելիս:

 

 

Ինչպիսի՞ն են այսօր Ձեր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, հայտնի է, որ Եղեգնաձորի քաղաքապետը ԲՀԿ-ական է:

 

Ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և հարաբերություններ ունեմ միայն մեր կուսակցության և դրա առանձին կառույցների հետ: Այլ կուսակցությունների հետ ես որևէ հարաբերություններ չունեմ: Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարների կուսակցական պատկանելությանը, ապա ՀՀ Վայոց ձորի մարզի 44 համայնքների ղեկավարներից 34-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, 7-ն անկուսակցական, իսկ 3-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Համայնքների ղեկավարների հետ պաշտոնական հարաբերություններում ես իմ և նրանց կուսակցական պատկանելությամբ չեմ առաջնորդվում:

 

Երբ Դուք նոր էիք նշանակվել մարզպետ, ասացիք, որ ԲՀԿ-ն ոչ մի ներդրում չի արել մարզում ունենալով ԲՀԿ-ական մարզպետ: Ի՞նչ է ձեզ հաջողվել անել եւ որքան ներդրում է եղել Ձեր պաշտոնավարման ժամանակ մարզում:

 

Շնորհակալություն եմ հայտնում շատ օգտակար հարցի համար: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում Վայոց ձորի մարզում ներկայումս իրականացվում է Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը` Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, որն իր ծավալներով էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր մարզի տնտեսության կառուցվածքի, այլև ՀՀ տնտեսության վրա ընդհանրապես: Միաժամանակ Ջերմուկ քաղաքում ներկայումս իրականացվում են 6 ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում կառուցվում են ժամանակակից հյուրանոցներ և առողջարաններ: «Հայկական միրգ» ծրագրի շրջանակներում 7 համայնքներում ներդրումներ են իրականացվում այգեգործության ոլորտում:  ՀՀ պետական բյուջեի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացվել է ավելի քան 1 մլրդ դրամ ներդրումային ծրագրեր սոցիալական ենթակառուցվածքներում և այլն: Այս ամենով մենք չենք բավարարվում, ուստի 2014 թվականի աշնանը, Արենի գինու փառատոնի շրջանակներում, մտադիր ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպել Վայոց ձորի ներդրումային համաժողով, որի շրջանակներում հավանական ներդրողներին կներկայացնեք մեր կողմից մշակված գործարար ծրագրերն ու ներդրումային նախագծերը:

 

 

 

 Կոնկրետ ՀՀԿ-ն եւ օրինակ, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ներդրումներ արե՞լ է մարզում: Տեղեկություն կա, որ մարզը ամենաղքատներից է եւ արտագաղթը շատ է այդ մարզից:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական մարմին է, հետևաբար գործարարության ոլորտում ներդրումներ չի կատարում: Ներդրումներ իրականացնող ընկերությունների սեփականատերերի թվում քիչ չեն անհատները, որոնք Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են: Ինձ մի փոքր անհասկանալի է թվում, թե ինչու եք Դուք մեր մարզում գործող բազմաթիվ ընկերություններից առանձնացնում ընդամենը մեկին, և շեշտում մի մարդու անուն, որը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ձեռնարկատիրական գործունեությամբ չի կարող զբաղվել:

Ինչ վերաբերում է մարզն ամենաաղքատը լինելուն կամ արտագաղթին, ապա պրոֆեսիոնալ աշխատանքը պահանջում է նախ տեղյակ լինել զրույցի նյութին` ձեռքի տակ ունենալով պաշտոնական տվյալներ: Առաջարկում եմ բացել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2013» հրապարակումը, որի 43-րդ էջի աղյուսակ 3.4-ում (Հայաստան, Աղքատության հիմնական ցուցանիշներն ըստ մարզերի և ք.Երևանի, 2008 և 2012թթ.) պարզել, որ  2012 թվականի ցուցանիշներով ծայրահեղ աղքատության ցուցանիշը Վայոց ձորում կազմում է 0,5 (միջին հանրապետականը 2,8), աղքատությունը 20,7 (միջին հանրապետականը 32,4), որոնք դրական իմաստով լավագույն ցուցանիշներն են հանրապետությունում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34